National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.11.2022
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր
1 / 1

Խորհրդարանը նոյեմբերի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանն իրավասություն տալ ընդունելու առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

Կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսադրական փաթեթով նախատեսվում է հարկային (մաքսային) մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրումն իրականացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի սահմանած կարգով եւ պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում որոշակի գործողություններ միեւնույն կամ այլ ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանել կատարողական վարույթները մեկ վարույթում միավորելու եւ առանձնացնելու վերաբերյալ կարգավորումներ:

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» գործող օրենքը ներկայումս սահմանում է կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ հանձնելու առնչությամբ խիստ ընդհանուր դրույթներ:

Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը՝ ստացականի կամ համապատասխան պայմանագրի հիման վրա:

««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, ծնողական իրավունքների իրականացման, երեխայի մերձավոր ազգականների՝ երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է:

««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում են ուժեղացման եւ վերակառուցման ու քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման եւ վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը: Տվյալների համաձայն՝ անբավարար տեխնիկական վիճակում է հանրապետության մոտ 19.000 բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը:

Երկրորդ ընթարցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը: Պատգամավորների եւ նախարարության ներկայացրած առաջարկների հիման վրա նախագծում կատարվել են փոփոխություններ, ծրագիրը բարելավվել է:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է քաղաքաշինության բնագավառում ապահովել համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման, կամ առանց քանդման թույլտվության քանդման/ապամոնտաժման աշխատանքների կատարման նկատմամբ (պատվիրատուների եւ կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառում, ինչպես նաեւ վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրում:

««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով, մասնավորապես, ակնկալվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար ձեւավորել հստակ, բարենպաստ եւ ամբողջական իրավական միջավայր՝ իրականացվելիք գործողությունների հստակ հերթականությամբ եւ հնարավորինս պարզեցված պայմաններով՝ փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ:

««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է կարգավորել Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների վարձատրության հետ կապված որոշակի հարցեր: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին առաջարկվում է վճարել հավելավճար՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության  յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեներից ներկայացուցիչներ ընդգրկել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում՝ վերջիններիս հնարավորություն տալով անմիջականորեն մասնակցելու Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի գործունեությանը, ինչպես նաեւ արագ եւ արդյունավետ լուծել մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման ընթացքում առաջացած խնդիրները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am